Հովհաննես 8:15-27 Արևմտյան Հայերէն Նոր Կտակարան 1853 (WA53)

15. Դուք կը դատէք մարմինի՛ն համաձայն. ես ո՛չ մէկը կը դատեմ:

16. Նոյնիսկ եթէ դատեմ՝ իմ դատաստանս ճշմարիտ է, որովհետեւ ես մինակ չեմ, հապա՝ ե՛ս եւ Հա՛յրը՝ որ ղրկեց զիս:

17. Ձեր Օրէնքին մէջ ալ գրուած է թէ երկու մարդու վկայութիւնը ճշմարիտ է:

18. Ե՛ս եմ՝ որ կը վկայեմ իմ մասիս, ու Հա՛յրն ալ՝ որ ղրկեց զիս՝ կը վկայէ իմ մասիս»:

19. Ուստի ըսին անոր. «Ո՞ւր է քու Հայրդ»: Յիսուս պատասխանեց. «Ո՛չ զիս կը ճանչնաք, եւ ո՛չ՝ իմ Հայրս. եթէ ճանչնայիք զիս, պիտի ճանչնայիք նաեւ իմ Հայրս»:

20. Յիսուս ըսաւ այս խօսքերը՝ գանձատունը, երբ կը սորվեցնէր տաճարին մէջ, ու ո՛չ մէկը ձերբակալեց զայն, որովհետեւ դեռ անոր ժամը հասած չէր:

21. Յիսուս դարձեալ ըսաւ անոնց. «Ես կ՚երթամ՝ ու պիտի փնտռէք զիս, եւ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ. ո՛ւր ես կ՚երթամ ՝ դուք չէք կրնար գալ»:

22. Ուրեմն Հրեաները կ՚ըսէին. «Միթէ ինքզի՞նք պիտի սպաննէ, քանի որ կ՚ըսէ. “Ո՛ւր ես կ՚երթամ՝ դուք չէք կրնար գալ”»:

23. Ըսաւ անոնց. «Դուք վարէն էք, ես վերէն եմ. դուք այս աշխարհէն էք, ես այս աշխարհէն չեմ:

24. Ուստի ըսի ձեզի թէ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ. արդարեւ եթէ չհաւատաք թէ ես եմ ՝ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ»:

25. Ուրեմն ըսին անոր. «Դուն ո՞վ ես»: Յիսուս ըսաւ անոնց. «Ի՛նչ որ սկիզբէն կ՚ըսեմ ձեզի:

26. Շատ բաներ ունիմ ձեր մասին խօսելու եւ դատելու. բայց ա՛ն որ ղրկեց զիս՝ ճշմարտախօս է, ու ես ի՛նչ որ լսեցի իրմէ՝ զա՛յն կը խօսիմ աշխարհի մէջ»:

27. Անոնք չհասկցան թէ Հօրը մասին կը խօսէր իրենց:

Հովհաննես 8